Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության խորացմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում է դարավոր բարեկամությունը, Լիբանանում գործում է կենսունակ հայկական համայնք, երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, և Հայաստանը կարևորում է Լիբանանի հետ հարաբերությունների շարունակական սերտացումը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում: Վարչապետն անդրադարձել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության նպատակներին և Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահների մասնակցությանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը: Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ողջունել է Հայաստանի հումանիտար գործողությունները Սիրիայում և երախտագիտություն հայտնել Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը հայ խաղաղապահ անձնակազմի մասնակցության համար: