ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի առավել կարևոր գործընկերներից մեկը և հավելել, որ եվրոպական պատվիրակության այցը լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ընթացիկ ծրագրերը և անդրադարձ կատարելու ապագա հնարավորություններին: Կատարինա Մատերնովան հավաստիացրել է, որ ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար: