ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում քաղաքի երկու խոշոր զբոսայգիների տարածքներից օտարել է իր և եղբոր հետ փոխկապակցված ընկերությանը։ «Լուրեր»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից երևում է, որ այս գործընթացն ուղեկցվել է հողերի մասնավորեցման կասկածելի մրցույթով։ Ղուկասյաններին 99 տարով հանձնված այդ հողերից մեկում վեր է խոյացել ռեստորան, մյուսում՝ մանկական զվարճանքների կենտրոն։ Միևնույն ժամանակ՝ այգիների ատրակցիոններն ու կարուսելներն անմխիթար վիճակում են ու ենթարկվել են միայն կոսմետիկ փոփոխությունների։
Գյումրիի կենտրոնում՝ Ռուսթավելի-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում է «կալբասի սադ» անունը կրող այգին։ 2012-ի հունիսի 28-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի N1753 որոշմամբ «Անբերդ» ՍՊԸ-ին է օտարվել այգու 1270 քառակուսի մետր տարածքը՝ կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, ատրակցիոն խաղերի տեղադրման համար։ Օտարման պահին «Անբերդ» ՍՊԸ-ի բաժնետերը Ղուկասյանների ընտանիքն է եղել՝ 50 տոկոսը պատկանել է Վարդան Ղուկասյանին, մյուս 50-ը՝ եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին։ Ընդ որում՝ այգին օտարվել է Ղուկասյանների ընկերությանը 99 տարի ժամկետով։ «Անբերդ»-ին այգին անցել է համայնքապատկան անշարժ գույքի մրցույթի արդյունքում, որին մասնակցել են «Անբերդ»-ն ու քաղաքացի Հարություն Մխիթարյանը։ Մրցութային որոշ փաստաթղթեր ուսումնաիրելիս պարզ է դառնում, որ որպես անշարժ գույքի օտարման տարեկան վարձավճար Գյումրիի ավագանին սահմանել է 60.000 դրամ, սակայն «Անբերդ»-ի հետ կնքված գույքի օտարման պայմանագրով ֆիքսվել է 63.000 դրամը։
Զբոսայգում սա միակ օտարումը չէ, որը կապվում է Վարդան Ղուկասյանի ընտանիքի հետ: Գյումրիի նախկին քաղաքապետի՝ 2011-ի նոյեմբերի 17-ի որոշմամբ այս այգու տարածքում գտնվող (Սայաթ-Նովայի փողոց 6/7 հասցե) հողամասը դարձյալ օտարվել է «Անբերդ» ՍՊԸ-ին։ 1952 քառակուսի մետր տարածքը «Անբերդ»-ին է հանձնվել 99 տարով, տարեկան 240.000 դրամով։
Համայնքային գույքի օտարման փաստաթղթերից պարզ է դառնում, որ դեռ 2006-ի հուլիսին Գյումրիի քաղաքապետարանում դարձյալ տեղի է ունեցել հողամասի աճուրդ։ Աճուրդի է հանվել Ռուսթավելու փողոցի հարևանությամբ գտնվող 655 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Նախկին քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունն այս անգամ էլ է մասնակցել մրցույթին ու տիրացել համայնքային այս գույքին ևս։ Այս հողամասում նախատեսված է եղել սպասարկման և առևտրի օբյեկտ կառուցել։ 2009-ին «Անբերդ»-ի տնօրեն Գևորգ Ղուկասյանը դիմում է քաղաքապետ եղբորը՝ նույն տարածքում 18 քառակուսի մետր տարածք կառուցապատման նպատակով տրամադրելու համար։ 2009-ի դեկտեմբերի 23-ի որոշմամբ տարեկան 5400 դրամով տարածքը տրամադրվել է Ղուկասյանների ընկերությանը։
Գևորգ Ղուկասյանը այս տարածքները ստանալուց հետո կառուցել է «Հրաշքների աշխարհ» մանկական զվարճանքների կենտրոն-սրճարանը։ Մանկական կենտրոնի բացմանը ներկա է եղել նաև ԱԺ նախկի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ «Անբերդ» ընկերությունը այս օբյեկտի կառուցման ընթացքում հասցրել է կանգնել դատարանի առաջ։ 2010-ին Շիրակի մարզի ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Սայաթ-Նովա-Ռուսթավելի փողոցների խաչմերուկի հատվածում ապօրինի ծառահատում իրականացնելու համար։ Խոսքը 5 ծառերի հատման մասին է։ Դատախազությունը պահանջել էր պետությանը պատճառած 728 հազար դրամ վնասը բռնագանձել «Անբերդ»-ից, սակայն դատարանը մերժել է հայցը։
«Անբերդ»-ին միայն այս այգուց չէ, որ տարածքներ են օտարվել ու հատկացվել։ Փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2004-ի նոյեմբերի 22-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի N2000 որոշմամբ կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող 3070 քառակուսի մետր մակերեսով տարածքը 5 տարի ժամկետով վարձակալության է տրվել այս ընկերությանը։ Նպատակը եղել է ծածկած լողավազանի կառուցումը, տարեկան վարձավճարն էլ կազմել է 130.000 դրամ։ Բացի այս՝ ուղղակի վաճառքի տեսքով Գյումրիի ավագանին այգում գտնվող ատրակցիոններն ու կարուսելները օտարել է «Անբերդ»-ին՝ «ազգաբնակչության միակ հանգստավայրը հրապուրիչ դարձնելու նպատակով»։ Գյումրիի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ մեր պահանջած որոշումների տվյալներն ու վճարումների վերաբերյալ ֆինանսական փաստաթղթերը չեն պահանվել։
Սրանից զատ՝ 2001-ին քաղաքապետի որոշմամբ, կենտրոնական զբոսայգու տարածքում, 1300 քառակուսի մետր մակերեսով տարածք նորից վարձակալությամբ հանձնվել է «Անբերդ»-ին։ 5 տարի անց քաղաքապետի N1480 որոշմամբ հողամասի սեփականության իրավունքը փոխանցվել է այս ընկերությանը, ապա` ուղղակի վաճառքի տեսքով «Անբերդ»-ին է հանձնվել ևս 1035 քառակուսի մետր տարածք։ Զբոսայգու հողերի օտարումից հետո այնտեղ վեր է խոյացել Գյումրիի քաղաքապետին պատկանող «Օազիս» ռեստորանը։
2017-ին կառավարության, ինչպես նաև Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի մի քանի որոշումներով կենտրոնական զբոսայգին 99 տարով անհատույց օգտագործման է հանձնվել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին, որը «Թումո» կենտրոնների կառուցման նախաձեռնողն ու հիմնադիրն է։ Ներկայում զբոսայգու կենտրոնում կառուցվում է նոր «Թումո», բացի այդ՝ հիմնադրամը նպատակ ունի ներդրումներ կատարել ու բարեկարգել զբոսայգին։ Հուլիսի 20-ին «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային ֆորումի ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների խորհրդի անդամ Բեկոր Փափազյանը նշել էր, որ նախորդ տարիների ընթացքում այգին դարձել էր մենաշնորհի ու ինքնասեփականաշնորհման առարկա։ Փափազյանը նաև հայտնել էր, որ 500.000 դոլարի ներդրումային ծրագիր կկարողանան իրականացնել, եթե սեփականաշնորհման ապօրինի խնդիրները լուծեն։ Խոսքը՝ «Անբերդ»-ի սեփականության իրավունքով «ձեռքբերած» հողամասերի մասին էր։