Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին:
2019-ի հուլիսի 11-ին Հայաստանի և Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունները համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հեռուստաընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատել մեդիա նախագծերի, հաղորդումների համատեղ արտադրության, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, լրատվական նյութերի արխիվացման և տեղեկատվական գործիքների կիրառման ուղղություններով: Կողմերը պայմանավորվեցին նաև կազմակերպել սեմինարներ, մասնագետների փոխայցելություններ, վերապատրաստումներ և ակտիվացնել լրատվական նյութերի փոխանակությունը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյան.
«Հուշագիրը կնպաստի տեղեկատվության արագ փոխանակմանը՝ հեռուստադիտողներին հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռելով: Երկու երկրներն էլ հարուստ արխիվ ունեն, որից օգտվելը նոր նախագծեր ստեղծելու լայն հնարավորություն կտա»:
Վրաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վասիլ Մագլապերիձե.
«Մենք շատ ուրախ ենք այս հուշագիրը ստորագրելու կապակցությամբ: Ունենք փոխըմբռնում հանրային հեռարձակողի առաքելության և տեսլականի վերաբերյալ, և մեր սերտ համագործակցությունը կբարելավի լրագրությունը, որը մենք ստեղծում ենք, հասարակությունը, որը մենք ձևավորում ենք և մարտահրավերները, որոնց մենք առերեսվում ենք»: