Հնչել են Ֆրանկի, Շոստակովիչի, Չայկովսկու, Շոպենի, Հարությունյանի, Բաղդասարյանի ստեղծագործությունները:
Հոկտեմբերի 12-ին Ժնևի հեղինակավոր «Վիկտորիա» համերգասրահում տեղի ունեցավ միջազգային լայն ճանաչում ունեցող երաժիշտներ Նարեկ Հախնազարյանի, Հայկ Մելիքյանի և Էդգար Մորոյի համերգը՝ նվիրված հայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին և Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
Համերգը կազմակերպվել էր «ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական ասոցիացիայի կողմից՝ աշխարհահռչակ մեցցո-սոպրանո Վարդուհի Խաչատրյանի գլխավորությամբ: Այն եվրոպական ամենամեծ միջոցառումն էր՝ նվիրված Շանսոնյեին:
Համերգը բացառիկ էր իր ծրագրով. հնչեցին Ֆրանկի, Շոստակովիչի, Չայկովսկու, Շոպենի, Հարությունյանի, Բաղդասարյանի և այլոց հանրաճանաչ ստեղծագործություններ:
Համերգն անցկացվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշտական ներկայացուցչության բարձր հովանու ներքո: