Հանրային հեռուստաընկերությունը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական ինֆորմացիոն գործընկերը:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ՝ այսօր առավոտյան ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով կայացավ մամուլի ասուլիս, որի շրջանակում քննարկվել են գագաթնաժողովի և հարակից միջոցառումների հեռարձակման նախապատրաստական աշխատանքները:
Բանախոսներն էին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը, ԱԳ նախարարի՝ ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը:
Հանրային հեռուստաընկերությունը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պաշտոնական ինֆորմացիոն գործընկերը: Առաջին ալիքը ուղիղ եթերում հայերեն թարգմանությամբ հեռարձակելու է գագաթնաժողովի բացման արարողությունը և Հանրապետության հրապարակում կայանալիք համերգը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում նշեց, որ նաև տեխնիկական հիմնական ապահովումը, հեռարձակման հարցերը կարգավորելու է Հանրային հեռուստաընկերությունը:
«Լուրեր» լրատվական ծառայությունը լուսաբանելու է գագաթնաժողովը, ինչպես նաև հարակից միջոցառումները: Առաջինի եթերում արդեն իսկ ցուցադրվել են բացառիկ հարցազրույցներ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Միկաել Ժանի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Հանրային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջի ֆրանսերեն տարբերակում հասանելի են նորություններ և նյութեր, որոնք մշտապես թարմացվում են: