Վարչապետը հատուկ կարևորել է տեղական արտադրության խթանումը և տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը։
Վարչապետ Փաշինյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտի գործարարներին:
«Մենք ուզում ենք, որ Հայաստանում գնահատականի արժանանա աշխատանքը։ Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ լրջորեն քաջալերվել է աղքատությունը, և սահմանափակվել է աշխատելու հնարավորությունը: Հիմա պետք է մի փոքր այլ տրամաբանություն դրվի մեր գործողությունների հիմքում, և մենք քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց և ճանապարհ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նոր աշխատատեղերի բացում, եղած աշխատատեղերի պահպանում․ վարչապետը կարևորել է գործարար հմտություններ ունեցող մարդկանց համար բարենպաստ մթնոլորտ ստեղծելը՝ հավասար պայմանների ու օրինական դաշտի ապահովմամբ:
Փաշինյանը հատուկ կարևորել է տեղական արտադրության խթանումը և տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը և շեշտել՝ ինքը նույնպես օգտվում է տեղական որակյալ արտադրատեսակներից: