Երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձևավորվեցին։
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ելույթ ունենալով Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու առաջարկել ներկաներին միանալ իր ձեռնարկած «Կանայք հանուն խաղաղության» արշավին։ Հիշելով նաև 2016-ի Ապրիլյան քառօրյան՝ Աննա Հակոբյանն ասել է․
«Կարևոր չէ, թե պետություններից յուրաքանչյուրն ինչ ստացավ այդ պատերազմից, ով գոհ մնաց, ով՝ դժգոհ։ Կարևորն այն է, որ երիտասարդ և լուսավոր կյանքեր ոչնչացան, ընտանիքներ որբացան, և երկու երկրում էլ որդեկորույս մայրերի նոր բանակներ ձևավորվեցին։
Այժմ, հայտնվելով պետության ղեկավարի տիկնոջ դերում, ես չեմ կարող լռել և իմ ձայնը չբարձրացնել։ Ես ուզում եմ ասել, որ ոչ մի քաղաքականություն, ոչ մի քաղաքական շահ չի կարող արդարացնել դեռ նոր-նոր կյանք մտնող երեխաների դաժան մահը, ծնողների ցավն ու որբացած երեխաների կարոտը։ Ես հասկանում եմ, որ կան շահեր, կան խնդիրներ, բայց ուզում եմ որպես մայր և որպես կին հորդորել հակամարտության բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ այդ շահերը սպասարկել՝ շրջանցելով ավտոմատներն ու թնդանոթները»։