Հունիս 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում տեղի կունենա ֆուտբոլի 2018 թ․ աշխարհի առաջնությունը:
Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում տեղի կունենա ֆուտբոլի 2018 թ․ աշխարհի առաջնությունը: Առաջին ալիքը բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում է էկրանների մոտ՝ հետևելու խաղերին և միասին երկրպագելու սիրելի թիմերին:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Առաջին ալիքը հանդիսանում է առաջնության պաշտոնական և միակ հեռարձակողը ՀՀ տարածքում: Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Առաջինի եթերում կլինեն առաջնության բացման ու փակման հանդիսավոր արարողությունները և ֆուտբոլային բոլոր հանդիպումները, որոնց ընթացքին հեռուստադիտողները կկարողանան հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:
Սպորտային տրամադրությունը հունիսի 14-ին Առաջինի եթերում կմեկնարկի ժամը 18:00-ից՝ «Սպորտ Գիլոյանի հետ» հաղորդման հատուկ թողարկմամբ, որի հյուրերը կլինեն 1982-ին Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում գոլի հեղինակ դարձած Խորեն Հովհաննիսյանը և ֆուտբոլի մեծ երկրպագու՝ դերասան Մկրտիչ Արզումանյանը:
Հաջորդիվ՝ ժամը 18:30-ին, Առաջինի եթերում՝ Լուժնիկի մարզադաշտից ուղիղ միացումով, կարող եք հետևել Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքին, որը կմեկնաբանի Առաջինի սպորտային մեկնաբան Վահան Ղարիբյանը: Բացման արարողությունից հետո՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների հանդիպումը: Խաղը կմեկնաբանեն Առաջինի մեկնաբաններ Վահան Ղարիբյանը և Կարեն Գիլոյանը:
Ֆուտբոլային մյուս հանդիպումների ընթացքին կհետևեն ու կմեկնաբանեն Հանրային հեռուստաընկերության սպորտային բաժնի ղեկավար Կարեն Գիլոյանը, սիրված մեկնաբաններ Սլավա Սարգսյանը և Վահան Ղարիբյանը, Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանների մրցույթի հաղթողներ Արման Աբելյանը, Արմեն Գարամյանը, Արմեն Մանուկյանը և Ռաֆայել Խալաթյանը, ինչպես նաև հրավիրված մեկնաբաններ Հայկ Ղազազյանը և Մեսրոպ Առաքելյանը: