Միջոցառման ընթացքում հավաքված 660.000 ՀՀ դրամին կգումարվի նաև հաղորդման արդյունքում ստացված գումարը:
Առաջին ալիքի «Եթե բոլորը» նախագիծը և «Լոֆթը» հունիսի 3-ին Հյուսիսային պողոտայի «Լոֆթ րում» կենտրոնում կազմակերպել էին բարեգործական համերգ, որի նպատակը չորս ամսական Մայքլին բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ գումարի հավաքագրումն էր: Փոքրիկ Մայքլը գալենի երակի անևրիզմա ունի և պետք է հրատապ վիրահատվի Նովոսիբիրսկի Միշալկինի անվան բժշկական կենտրոնում։
Համերգի ընթացքում ելույթ ունեցան Սոնա Ռուբենյանը, Սրբուհի Սարգսյանը և Վիգեն Հովսեփյանը: Համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է Մայքլի՝ խիստ անհրաժեշտ վիրահատությանը:
«Միջոցառումը նախատեսվածից լավ անցավ: Միջոցառման ընթացքում հավաքված 660.000 ՀՀ դրամին կգումարվի նաև հաղորդման արդյունքում ստացված գումարը: Մայքլին նվիրված հաղորդումը կկարողանաք դիտել հունիս 6-ին՝ ժամը 22:25-ին, Առաջին ալիքի եթերում: Այս տարի շատ պատմություններ ենք ունեցել հաղորդման ընթացքում: Կան երեխաներ, ովքեր արդեն ստացել են իրենց անհրաժեշտ բուժումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Առաջին ալիքի սպորտային մեկնաբան և սպորտի բաժնի ղեկավար Կարեն Գիլոյանին, ում նախաձեռնությամբ հավաքվել է 2 մլն դրամ, որը կուղղվի մեր հաղորդման հերոսուհի՝ 4-րդ աստիճանի ծանրալսություն ունեցող փոքրիկ Արփինեի վիրահատությանը»,- նշել է Վահե Խանամիրյանը:
Արևիկ Համբարձումյանը՝ «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրենը, համարում է նախաձեռնությունը կայացած:
«Ուրիշ բարեգործական հիմնադրամների հետ էլ ենք աշխատել, սակայն «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամի հետ կազմակերպած բարեգործական համերգը, կարծում եմ, ամենաստացվածն էր: Ամենակարևորը թիմային աշխատանքն էր, ինչը հրաշալի արդյունք տվեց»,- ասել է Արևիկ Համբարձումյանը: