Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու` ՀՅԴ առաջարկությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծելու` ՀՅԴ առաջարկությունը:
«Վերջին օրերին hանրապետության հազարավոր քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ուսանող երիտասարդությունն է, ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն են ներկայացնում իշխանություններին: Երիտասարդները մեր վաղվա օրն են և, անշուշտ, նրանց ձայնը պետք է լսելի լինի ու կարծիքը հարգվի: Անշուշտ, կան կուտակված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրներ, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Իմ խորին համոզմամբ՝ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով:
Որպես պետության ղեկավար՝ ես հրավիրում եմ կողմերին երկխոսության՝ ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար: Այդ առումով ողջունում եմ ՀՅԴ առաջարկը՝ Հանրապետության նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ` առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով: Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին՝ ցուցարարներին և իրավապահներին, հանդես բերել զսպվածություն և պատասխանատվություն»,- ասվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունում: