Փաշինյանը տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
Լուսանկարը՝ Photolure
Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։ Տուժել է նաև Նիկոլ Փաշինյանը, որին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: «Ելքի» մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանի խոսքով՝ Փաշինյանը, պատնեշը ճեղքելիս, ընկել է փշալարի վրա։ Նա տեղեկացրել է նաև, որ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ևս վիրավոր է՝ նույնպես փշալարի վրա ընկնելու պատճառով։
Նիկոլ Փաշինյանին ուղղված հայտարարություն է տարածել ոստիկանությունը. «Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը: Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը: Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ»: