Եթե տուրիզմի ոլորտն են նախընտրում՝ կարող են գումարներն ուղղել Գյումրիի Կումայրի կամ Երևանի Նոյ թաղամաս, նաև՝ հյուրանոցաշինության բնագավառ:
«Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար»,- Դավոս մեկնելուց առաջ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության հետ հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ռուսաստանցի գործարարներին քաջածանոթ «Տաշիր» խմբի միլիարդանոց ծրագրի օրինակով Դաշնության բիզնեսմեններին առաջարկել է. եթե տուրիզմի ոլորտն են նախընտրում՝ կարող են գումարներն ուղղել Գյումրիի Կումայրի կամ Երևանի Նոյ թաղամաս, նաև՝ հյուրանոցաշինության բնագավառ: Հայկական տնտեսության շահավետ մյուս ոլորտը օրգանիկ և ջերմոցային գյուղատնտեսությունն է:
«Երկիրը բացառիկ հարմար հարթակ է արտադրողների ու վաճառողների համար»,-ասել է վարչապետը՝ նկատի ունենալով 6400 անուն ապրանք արտոնյալ ռեժիմով Եվրամիություն արտահանելու Հայաստանի ունեցած GSP+ համակարգն ու նախորդ տարեվերջին բացված Մեղրիի ազատ տնտեսական գոտին: