Նոյեմբերի 6-ին Բաղդադի ալ-Մանսուր թատրոնում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը` նվիրված ՀՀ անկախության 26 և Հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակներին։
Նոյեմբերի 6-ին Բաղդադի ալ-Մանսուր թատրոնում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը` նվիրված ՀՀ անկախության 26 և Հայ-իրաքյան դիվանագիտական հարաբերությունների 25–ամյակներին։
Համերգին ներկա էին Իրաքի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Բաղդադում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ և իրաքահայ համայնքի անդամներ։
Ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում Իրաքում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը՝ ներկայացնելով հայ-իրաքյան 25-ամյա դիվանագիտական հարաբերությունները, շեշտեց, որ այն ընդգրկում է քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ու սոցիալական համագործակցության բոլոր ոլորտները։ Դեսպանը հավելեց, որ միայն ընթացիկ տարում լուրջ առաջընթաց է ապահովվել կապի և տեղեկատվության, զբոսաշրջության, առևտրի, կրթության ու գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր մակարդակի է բարձրացել միջխորհրդարանական գործակցությունը։
Իրաքի կառավարության և արտաքին գործերի նախարարի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Հուսեյն ալ-Խատիբը, ով բարձր գնահատեց առկա հարաբերությունների մակարդակը և քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը` ահաբեկչության դեմ պայքարում Իրաքին մշտապես աջակցելու համար։ Նա բարձր գնահատեց նաև Իրաքում հայ համայնքի դերը հարաբերությունների զարգացման մեջ և նրանց` երկու երկրները կամրջելու կարևոր առաքելությունը։
Լեփ-լեցուն դահլիճում իսկական դասական երաժշտության տոն էր։ Քառյակի անդամներ Մերի Մարգարյանը /1–ին ջութակ/, Հայկ Վարդանյանը /2–րդ ջութակ/, Արամ Թալալյանը /Թավջութակ/ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, Արամ Խաչատրյանի լարային քառյակի ալտահար Վաչե Հովեյանը կատարեցին Կոմիտասի հիասքանչ մանրանվագները, Վարդ Մանուկյանի «Նվիրումն Սայաթ Նովային» և Էդվարդ Միրզոյանի «Լարային քառյակ» ստեղծագործությունները։ Միջոցառումն ավարտվեց Արամ Խաչատրյանի «Գարուն Երևան» ստեղծագործությամբ։ Հանդիսատեսը մեծ հիացմունքով վայելեց հայկական դասական ստեղծագործությունները, իսկ ելույթն ընդունվեց աննկարագրելի ոգևորությամբ և ցնծությամբ։
Երեկոյի ընթացքում հնչեց նաև Իրաքի դասական երաժշտության մի քանի ստեղծագործություններ, որոնք կատարեց «Բաղդադ հնգյակը»։