Հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել նաև գերմանական KFW բանկից 80 մլն եվրո վարկ վերցնելու նախագծին:
Փոքր ու միջին բիզնեսն այսուհետև կարող է արևային իր կայանի հզորությունը 50-ից հասցնել 500 ԿՎտ-ի ու, ամռանն արտադրած էներգայի ավելցուկի հաշվին, ձմռանը գրեթե ձրի հոսանք օգտագործել: ՓՄՁ-ների համար շահավետ այս որոշումն՝ այսօր հաստատել է Կառավարությունը: Հերթական նիստում գործադիրը հավանություն է տվել նաև գերմանական KFW բանկից 80 մլն եվրո վարկ վերցնելու նախագծին: Առողջապահական ոլորտի խնայած գումարների հաշվին՝ երկրում կիրականացվի սրտի ստենտավորման ևս 220 լրացուցիչ միջամտություն՝ զեկուցել է նախարար Ալթունյանը: Հաստատվել է նաև բնակչության մի մասի կողմից քննադատությամբ ընդունված՝ 13 տարեկան աղջիկներին պապիլովիրուսի դեմ պատվաստելու ծրագիրը: Կառավարության տնտեսական ու իրավական բլոկի ուշադրությունը վարչապետ Կարապետյանը կենտրոնացրել է բիզնեսի խնդիրների քննության վրա, հանձնարարել՝ բարձրացնել վարչական բողոքարկման արդյունավետությունը, որ գործարարը չդիմի դատարան ու ամիսներով սպասի, թե երբ որոշում կկայացնեն: