Հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:00-ին:
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Էրիկ Անթառանյանը կներկայանա նոր հեռուստանախագծով: Նա առաջին ձեռքից, առաջին դեմքով կանդրադառնա դրամատիկ պատմությունների, հասարակական, սոցիալական կարեւոր խնդիրների ու հարցերի, որոնց կենտրոնում մարդն է:
Հեռուստանախագծի լրագրողական թիմը կփնտրի ու կգտնի պատմություններ, որոնք կարիք ունեն լուսաբանման, համակողմանի ուսումնասիրման ու քննարկման: Ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից, օգնել անելանելի իրավիճակում հայտնված մարդուն, լսել, կարեկցել ու քննարկել խնդիրը. այս հիմնական հարցադրումների շրջանակում է ձեւավորվելու հաղորդման հիմնական ասելիքը:
«Առաջին տաղավարում» կլինեն նաեւ մամուլում ու սոցցանցերում ամենաքննարկված ու ամենաքննարկվող պատմությունները, այն պատմությունները, որոնց կենտրոնում անհատի խնդիրն է:
Հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:00-ին:
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին՝ ազդարարելով շուրջ մեկ տասնյակ նոր հաղորդումների սկիզբը: