Ֆրանսիայի Բիարից քաղաքում սեպտեմբերի 10-ից 14-ն անցկացվում է Rendez–Vous շուկան, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Ֆրանսիայի Բիարից քաղաքում սեպտեմբերի 10-ից 14-ն անցկացվում է Rendez–Vous շուկան, որին այս տարի առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: TV France International-ի կողմից կազմակերպվող ամենամյա շուկան կենտրոնացած է միայն ֆրանսիական հեռուստահաղորդումների վրա, ինչը հնարավորություն է տալիս օտարերկյա գնորդներին հեռարձակել ֆրանսիական հեռուստատեսության առաջարկած վերջին նորույթների լավագույն ընտրանին։ Ծրագրերի և ֆիլմերի ավելի քան երկու երրորդը նոր են և որևէ այլ միջազգային շուկայում չեն հեռարձակվել։
Նրբագեղությունն ու ջերմությունը Rendez–Vous-ի հենանիշներն են։ Իրադարձությունը մի քանի առավելություններ ունի այս ոլորտի այլ շուկաների համեմատ. ֆրանսիական արտադրությունը ներկայացվում է բոլոր օտարերկյա մրցակիցների լիակատար բացակայության պայմաններում և տարվա մարտավարական ժամանակաշրջանում՝ Mipcom-ից մեկ ամիս առաջ, ինչպես նաև այստեղ ստեղծված են օպտիմալ աշխատանքային պայմաններ. ներկայացված հեռուստաարտադրանքի էլեկտրոնային գրադարան գնորդների համար (
Screenopsis), հանդիպումներ ֆրանսիացի պրոդյուսերների և դիստրիբյուտորների հետ ջերմ աշխատանքային մթնոլորտում և հարմարավետ վայրերում։
Այս տարի՝ Rendez–Vous-ն տոնում է 10-րդ տարեդարձը, ինչի առթիվ ֆրանսիական Բիարից գողտրիկ քաղաքը վերափոխվել է միջոցառումը հյուրընկալող մեծ ընտանիքի: Ներգրավել են քաղաքի բոլոր հյուրանոցները, կինոդիտումներից և հանդիպումներից բացի փողոցներում թատերական ցուցադրություններ են, տեղական կերակուրների համտես, ինչպես նաև կազմակերպվել է 5 կմ վազք միջոցառման մասնակիցների համար:
Ի դեպ, Բիարիցը Ֆրանսիայի «Արծաթե ափի» ծովափնյա շքեղ կլիմայական և հանքաջրաբուժական առողջավայր է: Քաղաքը տեղակայված է Ատլանտյան օվկիանոսի Բիսկարյան ծոցի փոքրիկ հարմարավետ ծովախորշի ափին: Այս ծովախորշի հատուկ ձևավորված հատակը նպաստում է շարունակական ալիքների առաջացմանը, որն էլ Բիարիցը առավել գրավիչ է դարձնում սերֆինգով զբաղվող մարդկանց համար: