«Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո:
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հեռուստաշոուով կներկայանան սիրված հումորիստներ Արամ MP3-ն ու Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» նախագիծը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո:
Նախագիծը նման է ողջ աշխարհում հայտնի եւ սիրված «Երեկոյան շոու» ձեւաչափին: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան եւ համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունները: Հանդիպումը ոչ պաշտոնական ձեւաչափ կունենա, իսկ ծրագիրը հագեցած կլինի հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով եւ շատ ու շատ զվարճալի ու ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ կմասնակցեն նաեւ ժամանցային ու ինտերակտիվ խաղերի:
«Լավ երեկո»-ն խոստանում է հեռուստադիտողներին լավ տրամադրություն փոխանցել եւ հետաքրքիր ժամանց ապահովել:
Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի վերջին, որով եւ կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների եւ հետաքրքիր նախագծերի սկիզբը: