Խորհրդահայ հայտնի լուսանկարչի հիշողությունները խիտ են, ասելիքն այնքան շատ է, որ երբեմն միտքը ցրվում է, նոր մանրամասներ է ի հայտ բերում, այնուհետև հետ գալիս, շարունակում կիսատ թողած միտքը: Այնուամենայնիվ, չի թաքցնում. «Խոսելը բարդ է: Ես ավելի շատ նկարում եմ, քան խոսում»-ասում է:
Լուսանկարները հավերժացած ակնթարթներ են: Թվում է, թե լուսանկարիչ լինելու համար բավական է ներկայացնել գեղեցիկ պատկերներ, երբեմն հուզել դրանցով, հիացնել ու այդքանով սեփական առաքելությունն ավարտված համարել: Սակայն, երբ լուսանկարին նայում ես տասնամյակների հեռավորությունից, հասկանում ես, որ տվյալ պատկերի արժեքը ոչ այնքան «գեղագիտական» հաճույք պատճառելն է, այլ այն պահի ու զգացողության փոխանցումը, որը եղել է, անցել է, սակայն ազդեցությունն ու թողած հետքը մնացել է առ այսօր:
Օրերս Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Գագիկ Հարությունյանի «Ժամանակի ստվերները» ցուցահանդեսը, որն այնքան մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում, որ որոշում է կայացվել նաև հանդիպում կազմակերպել Գագիկ Հարությունյանի հետ:
Խորհրդահայ հայտնի լուսանկարչի հիշողությունները խիտ են, ասելիքն այնքան շատ է, որ երբեմն միտքը ցրվում է, նոր մանրամասներ է ի հայտ բերում, այնուհետև հետ գալիս, շարունակում կիսատ թողած միտքը: Այնուամենայնիվ, չի թաքցնում. «Խոսելը բարդ է: Ես ավելի շատ նկարում եմ, քան խոսում»-ասում է:
Գագիկ Հարությունյանը գրեթե բոլոր լուսանկարիչների նման սկսել է նկարել այն պահից, երբ ձեռքը վերցրել է իր առաջին ֆոտոխցիկը: Բոլորի նման սկզբում «փիսիկ ու շունիկ» է լուսանկարել, այնուհետև հետաքրքրությունն ավելի է աճել, սկսել է փնտրել նոր առարկաներ:
Հիշում է, որ լուսանկարչությամբ զբաղվելու համար ստիպված է եղել կատարել ոչ սիրելի աշխատանք, սակայն չի ափսոսում. հենց այդ ամենի արդյունքում է լուսանկարչությունը դարձել ողջ կյանքի ուղեկիցը:
Երկար տարիներ թղթակցել է «Գարուն»-ին, աշխատել ԱՕԿՍ-ում ու հիմա ափսոսում է, որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ գրեթե ժամանակ չի ունեցել մարդկային պատմություններ, առարկաներ լուսանկարելու, քանի որ մշտապես մեկնել է պատվիրակությունների կազմում և բուն աշխատանքը նրանց նկարելն է եղել: Այդ պատճառով էլ Դանիայից, Ֆրանսիայից, անգամ Աֆրիկայից չի բերել այնպիսի լուսանկարներ, որոնք կներկայացնեին այդ երկրներն իրենց ամբողջ գունապնակով:
Գագիկ Հարությունյանը խոսոտավանում է, որ ներսում կրում է լուսանկարչության հատուկ ցենզ: «Հիմա մարդիկ լուսանկարներում շոկ են փնտրում, արցունք, իսկ իրականում մարդուց արցունք կարելի է կորզել նույնիսկ առանց դիակ կամ պատերազմ ցույց տալու: Իսկ ես իմ լուսանկարներում իմ վիճակներն ու տրամադրություններն եմ ցույց տալիս»:
«Ժամանակի ստվերները» ցուցահանդեսը բաց կլինի մինչև սեպտեմբերի 10-ը: