Ոչ պաշտոնական այցով ԱՀ մեկնած Կարեն Կարապետյանին Շահումյանի շրջանում դիմավորել է արցախցի պաշտոնակիցն ու հենց ճանապարհից սկսել են ծանոթանալ տնտեսական մի շարք ծրագրերի:
Կարճատև արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետն Արցախում է: Ոչ պաշտոնական այցով ԱՀ մեկնած Կարեն Կարապետյանին Շահումյանի շրջանում դիմավորել է արցախցի պաշտոնակիցն ու հենց ճանապարհից սկսել են ծանոթանալ տնտեսական մի շարք ծրագրերի: Նախ հետևել են ռազմավարական Վարդենիս-Մարտակերտ մայրուղու ասֆալտապատման աշխատանքին, ապա Քարվաճառի մերձակայքում մասնակցել են ջրի գործարանի հիմնարկեքին:
«Սա պատմական պահ է, քանի որ Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի ձեռնարկության հիմքն ենք դնում»,- հայտարարել է Արցախի վարչապետը: Օտարերկրյա ներդրման շնորհիվ Քարվաճառի ջուրը մեծ ծավալներով կարտահանվի: Սկզբնական փուլում գործարանն ապահովելու է շուրջ 50 աշխատատեղ:
Հայաստանի ու Արցախի կառավարությունների ղեկավարներն այցելել են նաև՝ Լև գետի վրա կառուցվող «Լև-1» և Թարթառ գետի վրա գործող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայաններ: Ի դեպ, վերջին տարիներին կառուցված ՀԷԿ-երի շնորհիվ էլեկտրաէներգիայի սպառման առումով Արցախը դարձել է ինքնաբավ: