«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան։
«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանի պատվիրակը կլինի Միշան (Միքայել Գրիգորյանը), ով նախորդ տարի մեր հայրենիքը ներկայացրել էր նաև «Մանկական Նոր ալիք 2016»-ին և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը: Միշան «Արցախի ձայներ» խմբի սան է և իր «Փոքրիկ Ղարաբաղցի» երգով հասցրել է գրավել մարդկանց սրտերը:
9-ամյա Միշայի թեկնածությունը հաստատվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի ներքին ընտրությամբ: Մրցութային երգը և տեսահոլովակը կներկայացվի վաղ աշնանը:
Միշան այժմ սովորում է Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան թիվ 3 դպրոցում: Նա առաջին անգամ բեմ է բարձրացել 4 տարեկանում՝ Արցախի հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Հենց այդ ընթացքում Միշան հանդիպել է իր ապագա պրոդյուսեր Լիրա Քոչարյանին, ով «Արցախի ձայներ» խմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը: Միշայի երաժշտական ունակությունները կատարելագործվել են հենց վերոնշյալ խմբի հետ համատեղ աշխատանքի ընթացքում, որտեղ նա սովորել է ու շփվել իրենից ավագ ու պրոֆեսիոնալ երգիչների հետ, ելույթ ունեցել տարբեր համերգների ու միջոցառումների ժամանակ Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, Վրաստանում և Բրյուսելում:
Նա ելույթ է ունեցել «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ սիրված արտիստների հետ կատարելով «Արի իմ սոխակ» օրորոցայինը:
Միշայի կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Մանկական Եվրատեսիլի կայքում:
«Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 15-րդ անգամ՝ “Shine Bright” («Շողա պայծառ») նշանաբանի ներքո և կանցկացվի նոյեմբերի 26-ին Թբիլիսիում: Հայաստանից բացի արդեն հայտնի են այն 11 երկրները, որոնք հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին՝ Ալբանիա, Բելառուս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Սերբիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007 թվականից:
2010 թ-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակի շնորհիվ 2011 թվականին մրցույթը հյուրընկալվեց Հայաստանում: