Այժմ օրենքով թույլատրվում է 170 միլիոն, բայց նախագիծն առաջարկում է 270 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել՝ ոռոգման խնդիրը լուծելու նպատակով:
Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստում Ազգային ժողովն այսօր քննարկում է Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն խորանարդ մետր ջրառի հարցը: Այժմ օրենքով թույլատրվում է 170 միլիոն, բայց նախագիծն առաջարկում է 270 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնել՝ ոռոգման խնդիրը լուծելու նպատակով: Հիմնական զեկուցող՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշել է, որ տարին սակավաջուր է, ջրամբարները կիսով չափ են լցված և այս լրացուցիչ ջրառը լուծելու է շուրջ 130 հազար գյուղացիական տնտեսությունների ոռոգման խնդիրը: Հարցի քննարկումն ընթանում է գրեթե դատարկ դահլիճում և հատուկենտ ընդդիմախոսությամբ: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները՝ մտահոգություն հայտնելով Սևանի էկոհամակարգի պահպանման առնչությամբ, նշել են սակայն, որ կողմ են քվեարկելու նախագծին, որովհետև այն լուծում է գյուղացիների ոռոգման խնդիրը: