Հունիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվեցին այն անձանց անունները, որոնք հնարավորություն են ստացել մեկնաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները:
Հունիսի 15-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվեցին այն անձանց անունները, որոնք, ֆեյսբուքյան հավանությունների և պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ, հնարավորություն են ստացել ուղիղ եթերում մեկնաբանել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները. նրանք են՝ Արման Աբելյանը, Համլետ Գևորգյանը, Երվանդ Հարությունյանը, Արմեն Մանուկյանը, Ռաֆայել Խալաթյանը, Արմեն Գարամյանը: Արտամրցութային կարգով մեկ խաղ մեկնաբանելու հնարավորություն կստանա նաև Մարե Մինասյանը. նա եթերում կլինի մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանի հետ:
Հանրային հեռուստաընկերություն հայտ էր ներկայացրել շուրջ 70 մասնակից, ովքեր սկզբնական փուլում իրենց ֆուտբոլային մեկնաբանություններով տեսանյութեր էին ուղարկել: Ընտրված լավագույնները հնարավորություն ստացան երկրորդ փուլում Հանրայինում մեկնաբանել կամայական մեկ հանդիպում: Մրցակցությունն այնքան թեժ էր, որ ընտրվել են միանգամից 6 լավագույն մասնակիցներ: Նրանց հանրությունը կկարողանա աջակցել sms հաղորդագրությունների և զանգերի միջոցով նաև Կոնֆեդերացիաների խաղարկության ընթացքում: Քվեարկության արդյունքները կհամադրվեն ժյուրիի տված միավորների հետ: Այս փուլը ևս հաջողելու պարագայում, մասնակիցներից լավագույնները հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:
Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը կանցկացվի հունիսի 17-ից հուլիսի 2-ը։ Մրցաշարի հեռարձակման գործընկերն է «Գյումրի-գարեջուր» ընկերությունը: