Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարած մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցներ:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարած մեկնաբանների մրցույթում պայքարը շարունակում են 16 մասնակիցներ: Ըստ մրցույթի նախապես հայտարարված կանոնների՝ պայքարը հնարավորություն էին ստացել շարունակելու առավելագույն հավանումներ ստացած 10 մասնակիցներ և 6 ֆուտբոլասերներ՝ ստեղծագործական խմբի որոշմամբ: Նրանք են՝ Արեգ Հակոբյան, Արման Աբելյան, Արտուշ Հարությունյան, Համլետ Գևորգյան, Նորայր Զորյան, Ռաֆայել Խալաթյան, Ալիկ Դավթյան, Արմեն Գարամյան, Արմեն Մանուկյան, Գրիգոր Գևորգյան, Դավիթ Մարտիրոսյան, Երվանդ Հարությունյան, Մարե Մինասյան, Միքայել Մարգարյան, Սամվել Սուքիասյան, Սուրեն Պողոսյան:
Նրանք արդեն մասնակցել են մրցույթի երկրորդ փուլին և, պրոֆեսիոնալ հանձնաժողովի ներկայությամբ, տեղում մեկնաբանել կամայական ֆուտբոլային հանդիպում: Հանրայինի մարզական խմբագրությունը ունկնդրել է բոլոր մասնակիցների մեկնաբանությունները ու մի քանի օր անց կհայտարարի մրցույթի վերջնական արդյունքները: Այս փուլում ընտրված մասնակիցների հետ կաշխատեն Հանրայինի պրոֆեսիոնալ մեկնաբանները, ովքեր կփոխանցեն իրենց տարիներով ձեռք բերած փորձն ու գիտելիքները:
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան լուսաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որևէ մեկը, որը հաջողելու պարագայում հնարավորություն կստանան համալրելու Հանրայինի մարզական ընտանիքը:
Մրցույթին մասնակցել է շուրջ 70 հոգի, նրանք իրենց ֆուտբոլային մեկնաբանություններով տեսանյութեր են ուղարկել Հանրային հեռուստաընկերության էլեկտրոնային հասցեին և փորձել ապացուցել, որ կարող են դառնալ Առաջին ալիքի նոր ֆուտբոլային մեկնաբանը:
Առաջին ալիքով հեռարձակվող ֆուտբոլային խաղերի գործընկերն է «Գյումրի-գարեջուր» ընկերությունը: