Հայաստանի հանրային և Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունների միջև հունիսի 2-ին կնքվեց համագործակցության հուշագիր:
Հայաստանի հանրային և Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությունների միջև հունիսի 2-ին կնքվեց համագործակցության հուշագիր: Համագործակցության շրջանակում հեռուստաընկերությունները համատեղ կզբաղվեն տարատեսակ թեմաներով հաղորդումների արտադրությամբ, կփոխանակվեն աշխատանքային փորձով, ինչպես նաև մեծամասշտաբ միջոցառումների, փառատոնների, մրցույթների մասին տեղեկատվությամբ ու լուսաբանմամբ:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի խոսքով՝ Հանրայինը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է և ունի միջազգային համագործակցության մեծ փորձ, ու այսօր լիբանանյան հեռուստաընկերության հետ կնքված հուշագիրը եկավ համալրելու այդ շարքը:
«Մենք երկար քննարկել ենք, թե մասնավորապես ինչ ձևաչափով պետք է լինի համագործակցությունը, և այսօր ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ մեր հեռուստաընկերների թիվն ավելացավ ևս մեկով: Որքան մեծ է համագործակցության շրջանակը, այնքան հեռուստաեթերն առավել հետաքրքիր ու բազմազան է»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ հուշագիրը նոր թափ կհաղորդի հայ-լիբանանյան համագործակցությանը:
«Ալ-Մայադին» հեռուստաընկերության տնօրեն Ղասսան Բեն Ժեդուի խոսքով՝ իրենք շատ մեծ կարևորություն են տալիս Հայաստանի հետ համագործակցությանը տարբեր ոլորտներում: «Այս համաձայնագրով հող կնախապատրաստենք ինչպես տեղեկատվության փոխանակման համար, այնպես էլ ընդհանուր հաղորդումների պատրաստման առումով: Այսուհետև Հայաստանի ձայնը կհասնի, ոչ միայն Մերձավոր Արևելք, այլ նաև ամբողջ աշխարհի արաբներին»,- նշեց նա:
Հանդիպման ավարտին հեռուստաընկերությունների տնօրենները մանրամասն քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցեր և նախանշեցին ապագա անելիքների ժամկետները:
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: