Ամբողջությամբ վերափոխվել է Հանրային հեռուստաընկերության հունիսմեկյան եթերը:
Ամբողջությամբ վերափոխվել է Հանրային հեռուստաընկերության հունիսմեկյան եթերը, որի մեկնարկը կազդարարվի տոնական ‹‹Առավոտ լուսո››-ով: Ծրագրի հաղորդավարներ Էրիկ Անթառանյանի եւ Թինա Խաչատրյանի հյուրերը կլինեն երեխաներ, ովքեր կպատմեն իրենց նախասիրությունների եւ զբաղմունքների, նպատակների ու երազանքների մասին: Հաղորդման վերջում կհյուրընկալվեն ‹‹Եթե բոլորը...›› ծրագրի հաղորդավարներ Վահե Խանամիրյանն ու Լիլիթ Մուրադյանը և կներկայացնեն իրենց ծրագրի տոնական թողարկման մանրամասները:
Ժամը 19:00-ին եթերում կլինի ‹‹Եթե բոլորը...››-ի տոնական-համերգային թողարկումը, որը նպատակ ունի հանգանակությունների միջոցով գումար հավաքագրել այն երեխաներին օգնելու համար, որոնց պատմություններին ծրագիրը կանդրադառնա սեպտեմբերին` նոր եթերաշրջանում: Երեխաներին օգնելու եւ նրանց երազանքն իրականացնելու գործում իրենց մասնակցությունը կունենան նաեւ հայաստանյան մի շարք կազմակերպություններ:
Ժամը 14:35-ին եթերում կլինի նաեւ «Մայրիկների ակումբը»: Ինգրիդ Կոկչյանի, Շահանե Մեժլումյանի եւ Իրինա Թովմասյանի երեխաները կպատասխանեն հարցերի, ինչպես նաեւ փորձության կենթարկեն մայրիկներին՝ ճշտելու, արդյո՞ք հանուն իրենց նրանք կկարողանան հաղթահարել սեփական վախերը, թե՞ ոչ:
Օրվա ընթացքում Առաջինի եթերում կլինեն նաեւ մանկական սիրված ֆիլմեր եւ մուլտֆիլմեր՝ այդ թվում «Առյուծ արքան», «Փիթեր Փենը», «Վեր», «Զարմանալի սարդ-մարդը»: Առաջին ալիքը շնորհավորում է բոլոր փոքրիկների տոնը, մաղթում նրանց պաշտպանված, անհոգ եւ խաղաղ մանկություն: