Հայաստանի հանրային հեռուստաընկերության տոնական եթերում մայիսի 9-ին` ժամը 21:15-ին, կկայանա «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի հեռուստապրեմիերան:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տոնական եթերում մայիսի 9-ին` ժամը 21:15-ին, կկայանա «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկրորդ մասի հեռուստապրեմիերան: Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ դիտելու «Կյանք ու կռիվ» ֆիլմի առաջին հատվածը, որը եթերում կլինի մայիսի 8-ին` ժամը 21:40-ին:
Նույն օրը կներկայացվի նաև «Գետաշենի արծիվը. Թաթուլ Կրպեյան», «Թևանիկ» և «Մի վախեցիր» ֆիլմերը արցախյան պատերազմի, ռազմական գործողությունների ու մարդկային հարաբերությունների մասին:
«Լավագույն զենքն ապրելն է» հեռուստաֆիլմը, որը եթերում կլինի մայիսի 8-ին` ժամը 18:50-ին, Արցախի ամենահայտնի երաժշտական նախագծի ու պրոդյուսերի մասին է, ով Շուշիի ազատագրումից 25 տարի անց հիշելու է Արցախը՝ 1988-ից առաջ ու հետո, մասնավորապես, թե ինչ էր պետք դժվար տարիների միջով անցած ժողովրդին ազատության շունչը զգալու համար։ Նախագծի շուրջ հավաքվել են երաժիշտներ, որոնց համար հիմա մահվան դեմ լավագույն զենքն ապրելն է։
Մայիսի 9-ին կներկայացվի «Հաղթելով դարը» հեռուստաֆիլմը՝ Գորիսում ապրող 97-ամյա մի կնոջ մասին, որը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Հաղթահարելով պատերազմն ու կյանքի դժվարին պայմանները՝ նա խոսում է իր անցած և ներկայիս կյանքի, ընտանիքի, թոռնիկների մասին` խորհրդանշելով շարունակվող կյանքն ու ապագան:
«Շուշի` հաղթող բերդաքաղաք» ֆիլմում էլ քաղաքի անցյալի, ներկայի, մշակութային համայնքի ու ռազմավարական բացառիկ դիրքի մասին պատումները ներկայացվելու են խաղաղությունը վերագտած քաղաքի բնակիչների միջոցով. այդ պատմությունները պատմվում են զբոսաշրջիկներին: Հենց նրանց համար է այս անգամ բացահայտվում Շուշին:
Իսկ ահա տոնական օրվա ավարտին Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթը, որի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո:
Վերոնշյալ օրերին տոնական ձևաչափով եթեր կհեռարձակվեն նաև «Առավոտ լուսո», «Երգ երգոց», «Կյանքը ափի մեջ», «Չակերտներ» հաղորդաշարերը: