Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գուժ Մանուկյանը հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է:
Ժողովրդական արտիստ, դերասան Գուժ Մանուկյանն այսօր դառնում է 80 տարեկան: Հայ թատերարվեստի երախտավորին՝ իր շնորհավորական ուղերձում, երկրի ղեկավարը մաղթել է առողջություն և ստեղծագործական նոր հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Գուժ Մանուկյանը հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է, և նրա վաստակաշատ գործունեության յուրաքանչյուր շրջան արժևորվել է նշանակալի ձեռքբերումներով՝ բեմում, ռադիոյում և էկրանին:
«Խաղային ներշնչանքով և զգացմունքայնությամբ օժտված Ձեր կերպարները համոզիչ են, ազդեցիկ և խոսուն վկայությունն են Ձեր բարձր կատարողական վարպետության»,-ասված է Հանրապետության Նախագահի նամակում: