Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և «Նեմեսիս» գործողության մասին հեռուստաֆիլմ:
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Սողոմոն Թեհլիրյանի դատավարության և «Նեմեսիս» գործողության մասին հեռուստաֆիլմ: «Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» ֆիլմը եթեր կհեռարձակվի ապրիլի 24-ին` ժամը 19։50-ին: Գրեթե 1 տարի տևած լրագրողական հետաքննության նպատակն է եղել ոչ միայն պարզել եղելությունը, այլև ներկայացնել բոլոր հանգամանքները, որոնցով կազմվել է «Նեմեսիս» գործողության ծրագիրը:
Ֆիլմի սցենարի հեղինակ Մարիաննա Փայտյանը լրագրողական հետաքննության ընթացքում հանդիպել է հայազգի փորձագետների հետ, նաև բացառիկ նկարահանումներ կատարել Գերմանիայում՝ գերմանացի ուսումնասիրողների ուղեկցությամբ, եղել այն դատարանում, որտեղ անցկացվել է դատավարությունը, փորձել պարզել, թե ինչու դատարանում Սողոմոնի տված ցուցմունքն ու նրա կենսագրական տվյալները հաճախ չեն համընկնում։ Նկարահանումներ են կատարվել Բեռլինի թուրքական էքստերիտորիալ տարածքում գտնվող գերեզմանատանը, որտեղ ժամանակին թաղված է եղել Թալեաթը։ Մինչ հիմա այնտեղ են Բեհաէդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի գերեզմանները, որոնք մյուս ոճրագործների՝ Թուրքիայում գտնվող գերեզմանների հետ միասին ուխտատեղի են դարձել թուրք ծայրահեղականների համար:
Ֆիլմի հեղինակներին հաջողվել է զրուցել Սողոմոնի ազգականների՝ զարմիկի և թոռնուհու հետ:
Նկարահանումների ընթացքում վերհանվել են բազմաթիվ հետաքրքիր փաստաթղթեր, այդ թվում՝ բանտում գրած Սողոմոնի օրագիրը, Պոտսդամում Լեփսիուսի տանը պահվող բացառիկ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Սողոմոնի դատավարությանը:
«Գործ N22/21. Սողոմոն Թեհլիրյան» ֆիլմի ռեժիսորն Ամալյա Սարգսյանն է, օպերատորը՝ Կարեն Թորոսյանը, մոնտաժը՝ Գոռ Արևշատյանի, երաժշտությունը՝ Արթուր Թադևոսյանի, նկարիչ՝ Զաքար Դեմիրճյան: