«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան եվրատեսիլյան պրոմո-արշավով Երևանում է:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան եվրատեսիլյան պրոմո-արշավով Երևանում է: Այսօր երգչուհին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և կատարել Կոմիտասի «Կաքավիկը»: Թանգարանում երգչուհուն հետաքրքրել են Կոմիտասի անձնական իրերը, ստեղծած երաժշտությունը, ինչպես նաև այն փաստը, որ Կոմիտասը սովորել է Բեռլինի հեղինակավոր Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Ալ. Հումբոլտի անվան) արքունի համալսարանի փիլիսոփայության բաժնում:
Լևինան ծանոթացել է նաև թանգարանում վերջերս բացված «Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացված են ազգային նվագարաններ: Գերմանացի երգչուհին փորձել է քանոն նվագել, լսել նվագարաններով տարբեր ժողովրդական կատարումներ, որոնք, իր խոսքով, շատ տպավորիչ են:
Շրջայցի ավարտին Լևինան գրառում է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հուշամատյանում. «Անչափ շնորհակալ եմ հիանալի և հետաքրքիր շրջայցի ու Կոմիտասի մասին պատմելու համար: Ես այսուհետև նրա երաժշտությունն ավելի շատ կլսեմ»:
Լևինայի այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների, եվրատեսիլյան երկրպագուների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ: