Չդադարել հավատալ հրաշքների ու ուժեղ լինել. սա եղել և շարունակում է լինել 14-ամյա Աստղիկի ապրելու բանաձևը:
Չդադարել հավատալ հրաշքների ու ուժեղ լինել. սա եղել և շարունակում է լինել 14-ամյա Աստղիկի ապրելու բանաձևը: Նրա մոտ ախտորոշվել էր օստեոսարկոմա (ոսկրային ուռուցքի տեսակ)։ Չնայած Աստղիկն ուներ ոտքը կորցնելու ահագնացող վտանգ, այնուամենայնիվ, չէր դադարում երազել պարուհի դառնալու մասին. վստահ էր` հրաշքներ լինում են։ Սեփական հրաշքի իրականացման համար անհրաժեշտ էր շտապ իմպլանտ ձեռք բերել` հակառակ դեպքում քիմիաթերապիայից հետո աղջկա ոտքի հեռացմանն այլընտրանք չէր լինի։
Այսօր մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ Առաջին ալիքի «Եթե բոլորը...» ծրագրի շրջանակում հեռուստադիտողների հանգանակությունների և այլ սրտացավ մարդկանց ու կազմակերպությունների աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ փրկել Աստղիկին: Նա ոչ միայն չկորցրեց ոտքը, այլև արդեն կարողանում է ազատ քայլել։
«Եթե բոլորը...» հեռուստածրագրի մեկնարկից անցել է ընդամենը մի քանի ամիս, սակայն նույնիսկ այս ընթացքում սրտացավ մարդկանց համախմբման արդյունքում հնարավոր եղավ նոր ու առավել ամբողջական կյանք պարգևել մի քանի փոքրիկների։ Այսօր Աստղիկի պես մեծ ուրախություն են ապրում նաև Մանե Հարությունյանը (ի ծնե խուլ), Հայկ Եղիազարյանը (փոքրիկն ուներ գլխուղեղի բազմակոմպոնենտ գոյացություն), Պավել Խաչատրյանը (Յուվինիլ իդիոպատիկ արթրիտ): Նրանցից յուրաքանչյուրն ստացել է պահանջվող միջոցները և հոգատարության մեծ չափաբաժին հասարակությունից։ Այս ցուցակը շարունակում է աճել և համալրվել նոր անուններով:
«Եթե բոլորը...» հեռուստանախագիծը նպատակ ունի փոխել հասարակության վերաբերմունքն այն ընտանիքների և երեխաների նկատմամբ, որոնք ապրում են մեր կողքին, սակայն զուգահեռաբար մեր իրականությունից դուրս են: Յուրաքանչյուր հաղորդում ներկայացնում է մի երեխայի ճակատագիր և թողարկման ժամանակ հայտարարված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարներն ուղղվում են տվյալ երեխաների բուժմանը:
Հաղորդման ստեղծագործական խումբը վստահ է`յուրաքանչյուր հարց կարող է գտնել իր լուծումը, եթե համախմբվեն բոլորը. «Մեր այսօրվա արարքները կաթիլներ են, բայց անհրաժեշտ է հիշել, որ ծովը բաղկացած է կաթիլներից»:
«Եթե բոլորը» ծրագրի հերոսներին կարող է օգնել և ճակատագրեր փոխել յուրաքանչյուր անհատ, ուղիները հետևյալն են`
70 00 կարճ համարին կարճ հաղորդագրություն ուղարկել երեխայի թվով և հանգանակություն կատարել նրա համար (մեկ SMS-ի աժեքը 500 դրամ է` ներառյալ ԱԱՀ: SMS-ներ կարող եք ուղարկել անսահմանափակ քանակությամբ):
Զանգահարել 0 9000 7000 համարին ու հանգանակություն կատարել (զանգի աժեքը 500 դրամ է` ներառյալ ԱԱՀ):
Գումար կարող եք փոխանցել նաև նշված հաշվեհամարներին:
AMD: 2474502288920000
USD: 2474502288920010
EUR: 2474502288920020
RUR: 2474502288920030
Արտասահմանից դրամական փոխանցումներ կատարելու մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ