Մարտի 13-ին կկայանա համաշխարհային ժամանակակից երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի թվով տասներեքերորդ համերգը, որն այս անգամ հայ ունկնդրին կներկայացնի արգենտինական դաշնամուրային երաժշտություն:
Սույն թվականի մարտի 13-ին կկայանա համաշխարհային ժամանակակից երաժշտությանը նվիրված 1900+ նախագծի տասներեքերորդ համերգը, որն այս անգամ հայ ունկնդրին կներկայացնի արգենտինական դաշնամուրային երաժշտություն: Համերգը կազմակերպվում է Հայաստանում Արգենտինայի հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո: Համերգի մենակատարն է ճանաչված դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, 1900+ նախագծի գեղարվեստական ղեկավար Հայկ Մելիքյանը, ով համերգի ընթացքում կհնչեցնի Արգենտինայի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության ականավոր կոմպոզիտորների` Ալբերտո Հինասթերայի, Կարլոս Գուաստավինոյի, Խուան Խոսե Կաստրոյի, Արիել Ռամիրեսի, ինչպես նաև ժամանակակիցներ՝ Սիլվինա Միլշտեյնի, Ալեսանդրո Սիվիլոտիի ստեղծագործությունները:
«1900+ նախագծի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ են հնչում Հայաստանում: Նախագծի շրջանակներում այս համերգը թվով տասներեքերորդն է և այս անգամ հայ ունկնդրին ենք ներկայացնելու արգենտինական երաժշտություն, որտեղ դաշնակահարը կներկայացնի մի շարք համաշխարհային պրեմիերաներ: Այդ առիթով խորին շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում Արգենտինայի դեսպան` պարոն Գոնսալո Ուրիոլաբեիտիային՝ միջոցառման իրագործման մեջ բացառիկ նրբանկատություն և ճշգրիտ պատրաստակամություն ցուցաբերելու համար»,- նշում է դաշնակահարի մենեջեր, 1900+ նախագծի համակարգող Ալեքսանդր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ 1900+ նախագիծը մեկնարկել է 2009 թ. հոկտեմբերին և մինչ այժմ հանրությանը ներկայացրել է ֆրանսիական, ռուսական, շվեյցարական, լեհական, ճապոնական, գերմանական, բալթյան երկրների, իտալական, բրազիլական, հունական, չեխական և ամերիկյան դաշնամուրային երաժշտության համերգներ: 1900+ նախագիծը ներկայացնում են Հայաստանում գտնվող տարբեր երկրների դեսպանություններ և դիվանագիտական ներկայացուցչություններ, ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նախագծի շրջանակներում 2011 թ. իրականացվել է հայ ժամանակակից կոմպոզիտորների մրցույթ և լավագույն ընտրված ստեղծագործությունները 2013 թ. թողարկվել են 1900+ նույնանուն ձայնասկավառակի առաջին թողարկման մեջ, ինչպես նաև հրատարակվել է այդ ստեղծագործությունների նոտաների ժողովածուն: 2016 թ. նախագծի շրջանակներում թողարկվել է ամերիկաբնակ հայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունների «Ortus» ձայնասկավառակը: Բազմաթիվ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրել հատուկ 1900+ նախագծի համար, որոնց հայաստանյան պրեմիերաները կայացել են նախագծի համերգաշարի ընթացքում:
Համերգը տեղի կունենա ս.թ. մարտի 13-ին՝ ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: