Լոս Անջելեսում կայացավ տարվա կինոիրադարձությունը՝ 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Ջիմի Քիմելի զվարճալի թվիթն՝ ուղղված ԱՄՆ նախագահին, պատահական զբոսաշրջիկներ Դոլբի թատրոնում, երկնքից թափվող քաղցրավենիք և անհավանական ու անհասկանալի սխալմունք՝ լավագույն ֆիլմը հայտարարելիս․ Լոս Անջելեսում կայացավ տարվա կինոիրադարձությունը՝ 89-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը:
Այս տարի Օսկարն անցավ նախապես գրված սցենարի համաձայն, բացառությամբ ամենապատասխանատու ու կարևոր պահից․ «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին ներկայացնելիս դերասաններ Ուորեն Բիթին և Ֆեյ Դանաուեյը հայտարարեցին «Լա-Լա Լենդը» և մինչ ֆիլմի անձնակազմը բեմում տոնում էր ուրախությունն ու երախտիքի խոսքեր ասում, պարզվեց, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել ռեժիսոր Բարի Ջենքինսի «Լուսնի լույս» ֆիլմը։
«Լա-Լա Լենդի» ստեղծագործական թիմն այս փաստից շատ չհուսահատվեց, քանի որ ռեժիսոր Դեմիեն Շազելի մյուզիքլը ռեկորդային 14 անվանակարգից հաղթեց վեցում՝ արժանանալով «Օսկար»-ի արձանիկի՝ լավագույն բեմադրություն (բեմադրող նկարիչ՝ Դևիդ Ուոսկո), երաժշտական ձևավորում, երգ (կոմպոզիտոր՝ Ջասթին Հարվիտց), օպերատորական աշխատանք (օպերատոր՝ Լինուս Սանդգրեն) և ռեժիսուրա (ռեժիսոր՝ Դեմիեն Շազել) անվանակարգերում, իսկ Էմմա Սթոունը ճանաչվեց լավագույն դերասանուհի։ Տարվա լավագույն դերասանն էլ Քեյսի Աֆլեքն է՝ «Մանչեսթերը ծովի մոտ» ֆիլմում Լի Չանդլերի դերի համար։
Լավագույնների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ «Օսկարի» 89-րդ մրցանակաբաշխության միջոցառման էջում։ Կրկնությունը կարող եք դիտել փետրվարի 27-ի երեկոյան՝ ժամը 21։30-ին, Առաջին ալիքի եթերում։