Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ www.1tv.am նկարահանող խումբը եղել է ԶՈՒ զորամասերից մեկում, զրուցել բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած տարբեր մասնագիտությունների ժամկետային զինվորների հետ և լուսանկարել նրանց։
«Դու ուղղակի պարտավոր ես կատարել պարտքդ հայրենիքի հանդեպ, միայն այն պատճառով, որ քո փոխարեն ուրիշ ոչ ոք դա չի անի։ Եթե մենք չգիտակցենք, որ պետք է ծառայենք, թեկուզ միայն մեր ընտանիքի համար, ապա հայրենիք չի լինի․ սահմանները կկրճատվեն, պետությունը կվերանա։ Մենք պարտադիր ժամկետային զինծառայողներ ենք, բայց գիտակցաբար ենք ծառայում, ոչ թե պարտադրված», - Գարիկ Սարգսյան (գնդացրորդ)։
«Բանակային ընկերները տարբերվում են բակի ու դպրոցական ընկերներից։ Չնայած քաղաքացիական ընկերներին ավելի երկար ես ճանաչում, բայց չես կարող վստահ լինել, որ նեղ օրին կողքիդ կլինեն, իսկ բանակային ընկերոջ հետ այնքան ծանր օրեր ենք ունենում, որ հարազատներ ենք դառնում», - Գարիկ Օհանյան (կապավոր):
«Պատերազմական իրավիճակում վարորդը կարևոր դեր է կատարում, եթե խաղաղ պայմաններում անձնակազմին պետք է տեղ հասցնել ապահով ու անվտանգ, ապա պատերազմական դրության դեպքում գումարվում է նաև արագությունը։ Սիրում եմ արագություն, բայց բանակում փորձում եմ դանդաղ վարել։ Արագության կարիքը դեռ չենք զգացել», - Սարգիս Սահակյան (վարորդ)։
«Ամենօրյա ծառայության նպատակը ցանկացած պահի մարտին պատրաստ լինելն է։ Թեկուզ խաղաղ պայմաններում մեր տանկային ստորաբաժանումը զինտեխնիկան պահում է մարտական վիճակում՝ սարքին ու մաքուր։ Անկարևոր թվացող առօրյա փոքր գործերն են, որ կազմում եմ բանակի ընդհանուր ուժը», - Արսեն Հարությունով (տանկիստ)։
«Ոչ ոք հայրենասեր չի ծնվում, կյանքում լինում է մի պահ, որից հետո դառնում ես այդպիսին, որոշների կյանքում այդ պահը այդպես էլ չի գալիս։ Չնայած ինձ գեներով էլ է անցել։ Զինվորականի ընտանիքից եմ, հայրս Արցախյան ազատամարտի մասնակից է։ Շատ եմ սիրում «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, ամեն անգամ դիտելիս մտովի տեղափոխվում եմ 1920-ականներ ու պատկերացնում ինձ հերոսամարտերի մասնակից», - Հայկ Պետրոսյան (հրետանավոր)։
«Էությամբ պերֆեկցիոնիստ եմ, զորամասում լավագույն հրաձիգն եմ, փորձում եմ լավագույնը լինել նաև բանակում։ Եթե հանձնարարություն եմ ստանում, ապա պետք է գերազանց կատարեմ։ Քաղաքացիական կյանքում էլ էի այդպիսին։ Ամեն ինչ անում եմ առավելագույնին հասնելու համար», - Մելիք Սարգսյան (հրաձիգ)։