Վճարման բանաձևի նոր առաջարկը Մոսկվայից են ստացել, քննարկել և արդեն ընդունել Կառավարության նիստում:
Վրաստանը «Գազպրոմի» հետ համաձայնության է եկել՝ Հայաստանի գազը տարանցելու դիմաց վերցնել ոչ թե մեր բաժին կապույտ վառելիքի 10 տոկոսն, այլ արդեն՝ գումար,- վկայակոչելով երկրի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեին՝ հայտնում են վրացական լրատվամիջոցները: Վճարման բանաձևի նոր առաջարկը Մոսկվայից են ստացել, քննարկել և արդեն ընդունել Կառավարության նիստում: Հարևան երկրում ուզում էին շարունակել տարանցման համար ռուսական գազ վերցնելը, մինչդեռ «Գազպրոմը» պնդում է ֆինանսական վճարման տարբերակը: Զիջման դիմաց Թբիլիսիին խոստացել են գազ մատակարարել 1000 խմ-ը՝ նախկին 215-ի փոխարեն 185 դոլարով: Ի դեպ՝ «Գազպրոմ-Արմենիան» ռուսական գազի Հայաստան հասցնելու մեխանիզմի սպասվող փոփոխությունը նաև հաշվի առնելով է հունվարից որոշակիորեն էժանացրել կապույտ վառելիքի գինը: