Առաջին ալիքի ուղիղ եթերում հայտնի կդառնա, թե ով հնարավորություն կստանա ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին. վերջնական պայքարն ընթանալու է Մարտայի եւ Արծվիկի միջեւ:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:30-ին: Առաջին ալիքի ուղիղ եթերում հայտնի կդառնա, թե ով հնարավորություն կստանա ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին. վերջնական պայքարն ընթանալու է Մարտայի եւ Արծվիկի միջեւ:
Մրցույթի 1-ին կիսաեզրափակիչ փուլում լավագույն մասնակիցներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում, 2-րդ փուլում՝ միջազգային ժյուրիի եւ sms քվեարկության միջոցով, իսկ «Դեպի Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում հաղթողին կընտրի Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրին՝ գնահատականների եւ sms քվեարկության միջոցով:
Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություն ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ: Կարճ հաղորդագրություն կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս անգամ եւս sms քվեարկությունից գոյացած ամբողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը․․․» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատակներով:
«Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրը «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգն է, ով մասնակիցների կողքին լինելու, սատարելու ինչպես նաեւ հայրենիքում ելույթ ունենալու նպատակով հատուկ ժամանել է Հայաստան: Նա նույնպես ելույթ կունենա: