Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին Հանրային հեռուստաընկերության եթերացանցը ամբողջությամբ կվերափոխվի:
Դեկտեմբերի 31-ին եւ նախորդող օրերին Հանրային հեռուստաընկերության եթերացանցը ամբողջությամբ կվերափոխվի: Առաջին ալիքի բոլոր հաղորդումները եթեր կհեռարձակվեն տոնական ձեւաչափով, իսկ երեկոյան հեռուստադիտողների համար նախատեսված է նոր եւ հետաքրքիր ծրագիր: Տարեմուտի գիշերը՝ ժամը 00:00-ից սկսած, Հանրայինի եթերում կլինի «Ամանորը Առաջինում» խորագրով տոնական համերգային ծրագիրը, որը հեռուստադիտողներին կփոխանցի ամենաընտանեկան եւ ուրախ տոնի ջերմ զգացողություններ, ինչպես նաեւ կապահովի ուրախ, աշխույժ եւ հետաքրքիր ժամանց:
Տոնական համերգային ծրագրի ընթացքում ելույթ կունենան հայ երգիչ-երգչուհիներ, որոնք կներկայանան արդեն սիրված ուրախ կատարումներով, նաև նոր երգերի հեռուստատեսային պրեմիերաներով: Առաջին ալիքի հեռուստադիտողը Հանրայինի տոնական եթերում կտեսնի «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանին, Արթուր Գրիգորյանին, Հայկոյին, Ռազմիկ Ամյանին, Ալլա Լեւոնյանին, Զարուհի Բաբայանին, Սոնա Շահգելդյանին, Լեյլա Սարիբեկյանին եւ այլոց: Պրեմիերաներով կներկայանան Էրիկը, Արամեն, Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինե Պեպելյանը, Սոնան: Իսկ թե կոնկրետ ինչ կատարումներով են հանդես եկել սիրված արտիստները, հայտնի կդառնա տարեմուտի գիշերը:
Դեկտեմբերի 31-ին Առաջին ալիքի բոլոր հաղորդումները տոնական են լինելու: Սկսելով օրը «Առավոտ լուսո»-ի հետ՝ մեր հեռուստադիտողները կունենան դրական եւ ուրախ տրամադրության մեծ չափաբաժին, ականատես կլինեն տոնական անցուդարձին, որը կշարունակվի պահպանվել նաեւ ամբողջ օրվա ընթացքում առաջարկվող հաղորդումներում:
Օրինակ «Համի որակ» հաղորդաշարի տոնական թողարկմանը, պահպանելով հաղորդման ձեւաչափային եւ թեմատիկ առանձնահատկությունները, փորձագետ Կարեն Գիլոյանը, առանց նախապես իմանալու, թե ով է խոհարարը, կգնահատի հայտնի ու սիրված տանտիկինների պատրաստած բլինչիկների համն ու որակը:
Տոնական ու հոբելյանական կլինի նաեւ «Հենց այսպես էլ ապրում ենք» հաղորդումը, որի տարեվերջյան թողարկումը կլինի նաեւ «Մեր բակ»-ը ֆիլմի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հրանտ Թոխատյանի կհյուրընկալի մարդկանց, ովքեր կանգնած են եղել ֆիլմի ստեղծման ակունքներում, ովքեր նորովի ճանաչվեցին եւ սիրվեցին ֆիլմում կերտած կերպարների շնորհիվ: Հաղորդման նկարահանումներին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել նաեւ ֆիլմի այն դերակատարները, ովքեր Հայաստանում չեն ապրում, և քիչ են լինում եթերում: Նորովի մեկնաբանություններով կներկայացվեն նաեւ «Մեր բակ»-ի երաժշտական համարները:
Տոնական կլինեն նաեւ «Երգ երգոց», «Գուշակիր մեղեդին», «Ամենակարող երգիչ» հաղորդումները:
Տոնական օրերին Հանրայինի ողջ եթերացանցը հագեցած կլինի նաեւ հայկական եւ արտասահմանյան սիրված ֆիլմերով, մուլտֆիլմերով եւ համերգներով: Հանրայինի եթերում առաջին անգամ կներկայացվի «3 շաբաթ Հայաստանում» ֆիլմը:
Բացառիկ իրավունքով եւ հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվեն 20th Century Fox, Disney, Warner Bros, Universal, Paramount եւ այլ հայտնի ընկերությունների՝ ամանորի թեմայով ֆիլմեր եւ մուլտֆիլմեր, որոնց շարքում են «Հարրի Փոթեր» ամենահայտնի ֆիլմի բոլոր 8 սերիաները, «Տանը մենակ», «Իմ ընկեր Ձմեռ պապը», «Ձնագնդիկներով պատերազմ», «Հրեշների ընկերություն», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Դալմաթյան շներ», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Խիզախ արքայադուստրը» եւ այլն:
Առաջինը նաեւ անակնկալ ունի դասականի սիրահարների համար: Հունվարի 1-ին ուղիղ միացմամբ Հանրայինի եթերում կլինի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի Ամանորին նվիրված տոնական համերգը:
Առաջին ալիքը Ձեզ բարձր տրամադրություն եւ հաճելի դիտում է մաղթում: