երժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել:
ԱՄՆ նորընտիր Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ղեկավարը: Ջերմորեն շնորհավորելով Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել: «Միացյալ Նահանգների ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան: Այսօր՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին: Մենք բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում»:
Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում, համոզմունք հայտնելով, որ հայ-ամերիկյան գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը: