ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, ավանդույթի համաձայն, ընդունեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հայկական պատվիրակությանը:
Նոյեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, ավանդույթի համաձայն, ընդունեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ներկայացնող Մերի Վարդանյանին ու Անահիտ Ադամյանին և Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանին:
Ողջունելով շնորհալի երգչուհիներին՝ Հրանուշ Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց նրանց՝ նշելով. «Նման հեղինակավոր մրցույթին մասնակցելն արդեն իսկ հաղթանակ է և ես շնորհավորում եմ ձեզ՝ այդ առթիվ: Ակնհայտ է, որ դուք իսկապես շնորհալի եք, ունեք տաղանդ ու բեմական կեցվածք և ուզում եմ վստահ լինել, որ բեմում կկարողանաք այնպես երգել, որ բոլորը հիանան Հայաստանի ներկայացուցիչներով: Պետք է հիշեք, որ ձեր հաջողությանը սրտատրոփ սպասելու են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ որ հայ կա, որ ձեր յուրաքանչյուր հնչյունն արձագանքելու է 10 միլիոն հայության հոգիներում»:
Նախարարն իր խոսքում բարձր գնահատեց ինչպես Հայաստանի հանրային հեռուստատեսության դերը, այնպես էլ Գոհար Գասպարյանի ջանքերը՝ «Եվրատեսիլ»- ում Հայաստանը պատշաճ ներկայացնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության համար՝ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն ասաց. «Շատ լավ է, որ կան ավանդույթներ և այդ ավանդույթները պահպանվում են: Ամեն անգամ, երբ մրցույթի մեկնելուց առաջ մենք գալիս ենք սփյուռքի նախարարություն՝ կարծես ուժ ենք առնում Ձեր խոսքերից ու քաջալերանքից: Այդ ամենը պարտավորեցնող է, և մենք ամեն ջանք կգործադրենք արդարացնելու Ձեր սպասումները»:
Հանդիպման ավարտին Հրանուշ Հակոբյանը հաղթական վերադարձ մաղթեց մասնակիցներին: