2015 թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,8 տոկոս: Մշտական բնակչության հաշվով աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում կազմել է շուրջ 900 հազար մարդ:
2015 թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29,8 տոկոս: Մշտական բնակչության հաշվով աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում կազմել է շուրջ 900 հազար մարդ: Տվյալները հրապարակվել են Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» 17-րդ զեկույցում: Որպես բարեկեցության ցուցանիշ հիմք են ընդունվել սպառման ծախսերը, որոնք ըստ վիճակագիրների՝ ավելի ճշգրիտ են բնորոշում մարդկանց բարեկեցությունը: Վիճակագիրները փաստում են, որ 2008-2015 թվականներին տասը բնակչից երեքի մոտ սպառման ամսական ծախսերը 41 հազար 698 դրամ վերին աղքատության գծից ցածր են եղել: Ծայրահեղ աղքատ են համարվել նրանք, որոնց սպառման ծախսերը կազմել են առավելագույնը 24 հազար 109 դրամ: 2008 թվականին ծայրահեղ աղքատների սպառման ցուցանիշը մեկ չափահաս անձի հաշվարկով կազմել է 17 հազար 644 դրամ: Զեկույցում նշվում է, որ աղքատության ցուցանիշի վրա ազդել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը հիմնականում բացասաբար է անդրադարձել արտադրության, եկամուտների և սպառման վրա: Ըստ վիճակագիրների՝ թեև դանդաղ տեմպերով, սակայն աղքատության կրճատման ցուցանիշը մոտենում է 2008 թվականի մակարդակին: