«Մանկական Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը, Մալթա մեկնելուց առաջ, այսօր հանդիպեցին հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կիսվեցին իրենց տպավորություններով, ինչպես նաև ներկայացրին մրցույթի նախապատրաստական ընթացքը:
«Մանկական Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը, Մալթա մեկնելուց առաջ, այսօր հանդիպեցին հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կիսվեցին իրենց տպավորություններով, ինչպես նաև ներկայացրին մրցույթի նախապատրաստական ընթացքը:
Թեև աղջիկները ներկայանալու են «Տարբեր» երգով և եվրատեսիլյան բեմից ներկայացնելու են իրենց տարբերությունները, այնուամենայնիվ դա չի խանգարում նրանց լինել լավ ընկերներ: «Մեզ համար շատ կարևոր է միավորվել և պատվով ներկայացնել մեր Հայաստանն ու մեր հողը այդ հեղինակավոր մրցույթում»,- նշեցին աղջիկները։
Ինչպես գրեթե բոլոր երգիչների, այնպես էլ Մերիի և Անահիտի համար «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելը մեծագույն երազանք է եղել: «Միշտ եմ հետևել այս մրցույթին և ցանկացել մի օր հայտնվել այդ բեմի վրա։ Շատ ուրախ եմ, որ շուտով երազանքս կկատարվի»,-ասում է Անահիտը՝ խոսքը փոխանցելով Մերիին. «Ես էլ միշտ ինձ պատկերացրել եմ այդ բեմի վրա՝ շրջապատված գեղեցիկ լույսերով։ Միշտ ցանկացել եմ երգել այդ բեմի վրա, երազել եմ, որ իմ օգտին քվեարկեն։ Ճիշտ է՝ այս տարի հեռուստադիտողի քվեարկությունը չկա, բայց հուսով եմ՝ մասնագետները բարձր կգնահատեն մեր ելույթը»։
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը:
Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ: Երգում ներկայացվում է հակադիր պայքար, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց միավորում է երգը, ժպիտն ու սերը:
Ի դեպ, մամուլի ասուլիսին ներկա էր նաև մրցույթում Հայաստանի նախորդ տարվա ներկայացուցիչ Միկան: Նա աղջիկների համար անակնկալ էր պատրաստել, նրանց նվիրեց այն նույն թալիսման տիկնիկներից, որոնցից մեկն իրեն ուղեկցում էր ողջ մրցույթի ընթացքում։
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողին կորոշեն մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիները, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:
Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան: