Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն է անցկացվել կառավարությունում:
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդակցություն է անցկացվել կառավարությունում: Վարչապետին են ներկայացվել ոլորտի զարգացման նպատակով մշակված մի շարք գաղափարներ և ծրագրերի նախագծեր: Քննարկվել են, մասնավորապես, ինժեներական քաղաքի, կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ստեղծման, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման ավելացման, ավագ դպրոցներում և բուհերում ՏՀՏ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
«Ինձ պետք է ծրագիր, որ աշխարհը շուռ տանք: Մենք ի՞նչ պետք է փոխենք, որպեսզի, բացի կոնկրետ ծրագրերից, ձեր ոլորտը, բիզնեսը, շուկան զարգանան, ի՞նչն է ձեզ խանգարում: Ինձ պետք է հասկանալ ձեր ոլորտի քաղաքականությունը՝ և´ որակապես լավ մասնագետների թիվն ավելացնելու, և´ ՀՆԱ-ի մեջ արտադրողականությունը մեծացնելու համար»:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև կառավարության հետ համատեղ իրականացվող որոշ ծրագրերի կիրառական արդյունքներից և կարևորելով դրանց շարունակականությունը՝ միաժամանակ անհրաժեշտ համարել բնագավառի բեկումնային երկարաժամկետ զարգացման ուղղությամբ միջոցառումները: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը ներդրումային հիմնադրամ է ստեղծում, որն ընդհանրապես բիզնեսին աջակցելու գործիք է լինելու, այդ թվում նաև՝ ՏՀՏ ոլորտում: