Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հրավիրած խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նախկին Առաջին տպարանի պայթեցման հարցին:
Վարչապետը նշել է, որ շենքի պայթեցումը օբյեկտիվ և սուբյեկտիվ դժգոհություն է առաջացրել հասարակության, այդ թվում՝ հարակից շենքերի բնակչության շրջանում: Նրան զեկուցել են, որ շենքի սեփականատեր «Աստորիա-ինվեստ» ընկերությունը քաղաքապետարանից այս տարվա հուլիսին ստացել է նախագծման թույլտվություն՝ հյուրանոց կառուցելու նպատակով: Մինչ շինարարության թույլտվություն ստանալը, «Աստորիա-ինվեստ»-ը քաղաքապետարանից ստացել է այդ տարածքի «Բ» մասնաշենքի քանդման թույլտվություն, որն իրականացրել է պայթեցնելու եղանակով: Պայթեցման աշխատանքների վերաբերյալ շինարարական կազմակերպությունը համապատասխան մարմիններին չի տեղեկացրել: Այնինչ պարտավոր էին տեղեկացնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, թե մարդկանց անվտանգության ապահովման համար ինչպիսի միջոցառումներ են իրականացնելու:
Շինարարական կազմակերպության կողմից այս պայմանը չի կատարվել: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է բացթողումներ թույլ տված պատասխանատուների նկատմամբ կիրառել առավելագույն խիստ պատիժ: