Երեկ ուշ երեկոյան նախ գործադիր մարմնի, ապա և ընդլայնված խորհրդի նիստ է գումարել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
Երեկ ուշ երեկոյան նախ գործադիր մարմնի, ապա և ընդլայնված խորհրդի նիստ է գումարել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Քննարկումները նախագահել է ՀՀԿ ղեկավար, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է օրակարգի միակ հարցը՝ նոր կառավարության ծրագրի նախագիծը։ Մեկ ու կես ժամ քննարկումներից հետո ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը լրագրողներին տեղեկացրել է, որ առաջիկա մեկ-երկու օրերին դեռ կլրացվի, կշտկվի փաթեթը և ամենաուշը ուրբաթ երեկոյան կուղարկվի խորհրդարան։ Կառավարության ծրագիրը կազմված է 6 ամսվա կտրվածքով՝ մինչև համապետական առաջիկա ընտրությունները, և ինչպես էդուարդ Շարմազանովն է վստահեցրել, փաթեթով մեծ ուշադրություն է դարձվում երկրում սոցիալական արդարության ու տնտեսական վիճակի բարելավմանը, նաև երկրի արտաքին ու ներքին անվտանգությանը։ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը կշարունակվի բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի օգնությամբ խաղաղ լուծման որոնման ու Արցախի ճանաչման քաղաքականությունով հանդերձ։ Կառավարության ծրագիրը շոշափում է նաև կոռուպցիայի դեմ պայքարից մինչև գյուղերում կրթության որակի բարեփոխման խնդիրներ։