Ձյան պատճառով գրեթե բոլոր բնակավայրերում ջարդվել են դեկորատիվ կամ պտղատու ծառեր, վնասվել էլեկտրահաղորդման գծերը, դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթևեկության համար:
Գեղարքունիքի մարզի ողջ տարածքը ձյան տակ է՝ 15-ից 25 սանտիմետր շերտով: Ձյան պատճառով գրեթե բոլոր բնակավայրերում ջարդվել են դեկորատիվ կամ պտղատու ծառեր, վնասվել էլեկտրահաղորդման գծերը, դժվարանցանելի վիճակ է առաջացել ճանապարհատրանսպորտային երթևեկության համար: Առավել դժվար վիճակ է ստեղծվել գյուղացիական տնտեսությունների համար, որտեղ դեռևս առկա է կարտոֆիլի համեմատաբար քիչ, բայց դեռ չհավաքած բերք, իսկ անասնապահական շատ տնտեսություններ դեռ անասնահոտերը հեռագնա արոտներից ձմեռացման չեն բերել: ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական ծառայության պետի տեղակալ Հայկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ հոսանքազրկումներն ու ճանապարհներին ստեղծված վիճակը ընդհանուր են մարզի համար: Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնում ավտոմեքենաների ձյան մեջ արգելափակվելու կամ երթևեկելի մասերից դուրս գալու մասին ահազանգեր ստացվել են տարբեր վայրերից: Փրկարարները բոլոր ահազանգերի հետքերով գնացել են: Միջոցներ են ձեռնարկվում հոսանքազրկումները վերականգնելու ուղղությամբ,- հայտնել է Հայկ Աբրահամյանը: