Մեկնարկում է «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ փուլը: Հոկտեմբերի 22-ից սկսած եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան հետևելու նախագծի երկրորդ փուլի ընթացքին, որտեղ իրենց պայքարը կշարունակեն 37 երգիչ-երգչուհիներ:
Մեկնարկում է «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ փուլը: Հոկտեմբերի 22-ից սկսած եվրատեսիլյան երկրպագուները հնարավորություն կունենան հետևելու նախագծի երկրորդ փուլի ընթացքին, որտեղ իրենց պայքարը կշարունակեն 37 երգիչ-երգչուհիներ:
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու պատվին արժանանալու համար իրենց ուժերը կշարունակեն փորձել և առավելագույնը լավ ներկայանալ Սյուզաննա Մելքոնյանը, Մերի Մհերյանը, Սարո Գևորգյանը, Իջինը, "Only girls" խումբը, Ալեքսանդր Պլատոն, Մարիամ Եվրիյանը, Քրիստինա Ավետիսյանը, Ամալյա Մարգարյանը, Արծվիկը, Աննա Սեդրակյանը, Վահե Ալեքսանյանը, Մարիսսան, Դիանա Դիկովսկին, «Օպերա Վիվա»խումբը, Եվա Կանսը, Փայլա Գևորգյանը, Քրիստինա Մանգասարյանը, Ռոբ Ավալյանը, Կարինե Հարությունյանը, Նարինե Ջինանյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Զեմֆիրա Ֆրիդոնը, Վերոնիկա Գրիգորյանը, Դիանա Ադամյանը, Հասմիկ Շիրոյանը, Սոնա Դունոյանը, Ջուջոն, Լյուսին, Գևորգ Հարությունյանը, Մարթան, Աննա Դանիելյանը, Ալբերտ Ղազարյանը, Ակսել Բավեյանը, Լիլիթ Հարությունյանը, Արմենուհի Գասպարյանը, Արթուր Աբգարը:
Հենց այս շարքում է այն արտիստի անունը, ով Հայաստանը հաջորդ տարի կներկայացնի միջազգային ամենահայտնի երաժշտական մրցույթին:
Երկրորդ փուլին Առաջին ալիքի հեռուստադիտողները կկարողանան հետևել հոկտեմբերի 22-ին՝ ժամը 22:15-ին: Տվյալ փուլից սկսած պայքարի մեջ կմտնեն նաև մրցույթի ժյուրիի 6 անդամներ Իվետա Մուկուչյանը, Արամ MP3-ին, Ինգա Արշակյանը, Հայկոն, Անուշ Արշակյանը և Եսայի Ալթունյանը. հենց նրանք են ընտրելու այն արտիստներին, որոնք կլինեն իրենց խմբերում և ում իրենք կօգնեն անցնելու «դեպի եվրատեսիլ» տանող ճանապարհը:
Հիշեցնենք, որ «Դեպի եվրատեսիլ» նախագծի մասին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց ամռանը՝ հնարավորություն տալով ամբողջ աշխարհում բնակվող մեր հայրենակիցներին մասնակցելու մեգաերաժշտական մրցույթին, հաղթել և ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին: Նախագծին մասնակցության հայտ ներկայացրին մեր հարյուրավոր հայրենակիցներն ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, սակայն, նրանցից միայն 80-ը հնարավորություն ստացան սկսել հեռուստատեսային պայքարը: Մասնակիցների հեռուստատեսային լսումների փուլը տևեց 3 շաբաթ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրեն հատկացված 2 րոպեների ընթացքում փորձեց համոզել ժյուրիի անդամներին, որ ինքն է լավագույնը և կարող է հավակնել Հայաստանը համաեվրոպական մրցույթին ներկայացնելուն:
Ժյուրիի անդամները, հաշվի առնելով մասնակիցների վոկալային տվյալները, արտիստիզմն ու կերպարային առանձնահատկությունները, կարողացան ընտրել և առանձնացնել այն 37 արտիստներին, ովքեր առաջիկա շաբաթների ընթացքում կշարունակեն իրենց պայքարը:
Նախագիծը բաղկացած է 4 փուլերից և կտևի շուրջ 3 ամիս: Նախագծի հաղթողը կորոշվի ժյուրիի և հեռուստադիտողների sms քվեարկության արդյունքում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.eurovision.am կայքում: Նախագծի մասնակիցների ելույթները կարող եք գտնել յութուբյան պաշտոնական ալիքում, իսկ նրանց սատարել կարող եք ֆեյսբուքյան պաշտոնական էջում և ինստագրամում: