Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը:
Նախնական տվյալներով կա 5 զոհ, 27 վիրավոր:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին՝ լուսադեմին, Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա, վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը:
Նախնական տվյալներով կա 5 զոհ, 27 վիրավոր: Այս պահին վթարի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանները, շտապ օգնության աշխատակիցները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում արդեն ձևավորվել է օպերատիվ խումբ, որը ուսումնասիրում է դեպքի մանրամասներն ու հետևանքները: Վթարի առնչությամբ գործում է թեժ գիծ` 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով:
ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացնում են, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
Նախնական տեղեկություններով ավտոբուսում եղել է 52 ուղևոր:
Տուժածները, այդ թվում` 4 երեխա, անմիջապես տեղափոխվել են Վլադիկավկազի տարբեր հիվանդանոցներ: Երեխաներից մեկի վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: