Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել։
Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել։ Այդ լուրը իրականությանը չի համապատասխանում,- նշել են Արցախի պաշտպանության նախարարությունից՝ ավելացնելով, որ մեր առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը: Հաղորդագրությունում ընդգծվում է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ: Ասվածի ապացույցը․ այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ, որոնցից արձակվել է շուրջ 50 թիրախավորված կրակոց: Ընդհանուր առմամբ, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 850 կրակոց: Պաշտպանության բանակը ադրբեջանական կողմին խորհուրդ է տվել հիշել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվության մասին: Միաժամանակ Լեռանային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի ցանկացած թիրախավորում անպատասխան չի մնալու,-ասված է Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: