էրդողանի իշխանությունն լրատվամիջոցներին մեղադրում է ահաբեկչություն քարոզելու համար:
Ճնշումների նոր ալիք Թուրքիայում: Իշխանության թիրախում լրատվամիջոցներն են և ոստիկանությունը: Նախորդ օրը իրավապահները խուժել են IMC հեռուստաալիքի շենք և պահանջել դադարեցնել հաղորդումը: Անցած շաբաթ նույնն էր պարտադրվել նաև մի քանի քրդամետ հեռուստաալիքների: էրդողանի իշխանությունն այդ լրատվամիջոցներին մեղադրում է ահաբեկչություն քարոզելու համար: Իշխանության քայլից վրդովված թուրք լրագրողները Ստամբուլում բողոքի ցույց են կազմակերպել: Մասնակիցները հայտարարել են, որ թույլ չեն տա փակել երկրի բոլոր լրատվամիջոցները և թողնել միայն մեկը՝ այն էլ պաշտոնական քարոզի համար: Միաժամանակ, նոր զտումներ են իրականացվել ոստիկանության համակարգում: Հոգևոր քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածով աշխատանքից ազատվել է մոտ 13 հազար մարդ, որոնցից երկուսուկես հազարը ղեկավար պաշտոններ են վարել: Մյուս կողմից, իրաքյան ճակատում, Անկարան չի պատրաստվում նահանջել: Հակառակ Իրաքի խորհրդարանի ընդունած բանաձևին, որը դատապարտում էր երկրի Մոսուլի նահանգ թուրքական բանակի ցանկացած ձևաչափով ներխուժում, Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրենց նպատակը, այնուամենայնիվ, Մոսուլ մտնելն է և այնտեղ իսլամիստների դեմ պայքարելը: