Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը շրջայց է կատարել ընկերությունում:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի ուղեկցությամբ ՀՀ նախագահը շրջայց է կատարել ընկերությունում: Նա ծանոթացել է հեռուստաընկերության շենքի նորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարներին: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը ամփոփ ներկայացրել է կատարված և անելիք աշխատանքները:
Վերջին տարիների գլխավոր տեխնիկական ձեռքբերումը Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստաշարժակայանն է: Չինաստանի կառավարությունից Հայաստանին հատկացվող ամենամյա անհատույց օգնության շրջանակներում Հանրային հեռուստաընկերությանը նվիրաբերվել են 3 233 735 դրամ ընդհանուր արժողությամբ նոր, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան, 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայանը և HD արբանյակային հեռարձակման կայանը: Չինաստանի կառավարության հետ համագործակցության արդյունքում հնարավորություն է ստեղծվել 2015 թվականին կառուցել նոր եթերային և ապարատային սարքասրահ, որը թույլ տվեց անցում կատարել HD հեռարձակման:
HD հեռարձակումը հասանելի է Երևանի տարածքում, կաբելային հեռուստաեթերում: Այն արդեն հասանելի է ՀՀ մարզերում, ինչի սկիզբը դրեց Նախագահը՝ կոճակը սեղմելով:
Հեռուստաընկերությունը վերազինել է նաև ֆիլմերի կրկնօրինակման ստուդիան: Ձեռքբերված ֆիլմերը հայերեն կրկնօրինակմամբ ներկայացնելու, գործընթացն առավել որակյալ իրականացնելու համար կառուցվել է 3 պրոֆեսիոնալ կրկնօրինակման տաղավար և ժամանակակից չափանիշներին համապատասխանող ձայնագրման և կրկնօրինակման ստուդիա՝ անհրաժեշտ օդափոխության համակարգով:
Հեռուստաընկերության ղեկավարությունը առաջնահերթություն է տվել նաև ընկերության շենք-շինությունների վթարային վիճակը շտկելուն, այն, ինչ հնարավոր է եղել՝ նորոգվել է: 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շինություններն ապամոնտաժվել են: Նախորդ 3 տարիների ընթացքում բարեկարգվել և ասֆալտապատվել է ընկերության տարածքը, գործարկվել է նոր ավտոկայանատեղին (շուրջ 200 մեքենայի համար), նորոգվել է արտաքին լուսավորության համակարգը, բարեկարգվել են կանաչապատ տարածքները: